ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե մենք Ղարաբաղի հարցում վատ որոշում կայացնենք, դա կլինի հայ ժողովրդի կործանման սկիզբը»

«Եթե մենք Ղարաբաղի հարցում վատ որոշում կայացնենք, դա կլինի հայ ժողովրդի կործանման սկիզբը»
24.10.2008 | 00:00

«ԱՐՅՈՒՆՈՎ ՎԵՐՑՎԱԾ ՀՈՂԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՎՈՒՄ»
Երեկ «Բարեպաշտ սերունդ» բարեգործական հիմնադրամի գործունեության առաջին տարվա ամփոփումն էր, որն անցկացվեց հիմնադրամի գրասենյակում։ Ներկա էին հիմնադրամի միջոցներով իրենց կրթությունը շարունակող բազմաթիվ ուսանողներ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։ Ինչպես նշեց «Բարեպաշտ սերունդի» տնօրեն Վահրամ Մկրտչյանը, հիմնադրամն անցած տարվա ընթացքում իրականացրել է 45 մլն դրամի գիտակրթական ծրագրեր երեք ուղղություններով։ Առաջին ուղղությունը ֆինանսական միջոցների տրամադրումն է վճարովի ուսուցում անցնող ուսանողներին՝ ուսումն ավարտելու համար, և այս ուղղությամբ ծախսվել է հիմնադրամի միջոցների մեծ մասը։ Երկրորդ ուղղությունը գիտական դրամաշնորհներն են, և վերջապես երրորդը՝ սոցիալապես անապահով ուսանողների կենսաթոշակների հատկացումը։
«Բարեպաշտ սերունդի» գործունեության առաջին տարվա ամփոփմանը ներկա էր նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ, ում միջոցներով էլ գործում է հիմնադրամը։ Հոգաբարձուների խորհրդի կազմում են հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, գիտության և կրթության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, կրթության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, «Արարատ բանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը։
«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ, ՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՊԱՐՏԱՆԱՆ ՈՉ ԹԵ ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՎ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺՈՎ, ԱՅԼ ԻՐԵՆՑ ԳԻՏԵԼԻՔՈՎ»
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը կարճ խոսքով դիմեց դահլիճում հավաքված ուսանողներին. «Կրթությունն ու գիտելիքը պատերազմական ժամանակահատվածում, որպես կանոն, թվացյալ առումով մղվում են երկրորդ պլան։ Դա մենք զգացել ենք մեր մաշկի վրա արցախյան վերջին պատերազմում։ «Թվացյալ» բառը ես պատահական չօգտագործեցի, որովհետև պատերազմից անցել է 14 տարի, և այսօր մենք վստահ ենք, որ գիտելիքն ու կրթությունը շատ կարևոր դեր ունեն և՛ երկրի կայացման և՛ երիտասարդ սերունդ ձևավորելու հարցում։ Հայաստանը չունի հարուստ ընդերք, մեծ բնական պաշարներ, ու մեր հիմնական զենքը մեր գիտելիքն է, որ պիտի կարողանանք աշխարհին ներկայացնել։ Ես շատ կարևորում եմ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի ստեղծումը, քանի որ Հայաստանը որպես պետություն առայժմ այնքան ուժեղ չէ, որ կարողանա օգտակար լինել բոլորին։ Խորհրդային ժամանակներում մենք բոլորս հնարավորություն ունեինք անվճար կրթվելու։ Անկախացումից հետո, ցավոք, կրթությունը և գիտելիքը հասանելի են ոչ բոլոր խավերին։ Այս հիմնադրամն օժտված երիտասարդներին պատշաճ կրթություն տալու նպատակ է հետապնդում։ Երկրի ղեկավարությունը՝ հանրապետության նախագահը, վարչապետը, կարևորում են գիտելիքը, և դա պատահական չէ։ ԽՍՀՄ ժամանակներում կար արժեհամակարգ, կային իդեալներ, որոնցով բոլորս ապրում էինք։ Ցավոք, այժմ այդ արժեհամակարգը չկա, և այսօր ամեն ինչ պիտի անենք, որ երիտասարդները հպարտանան ոչ թե թաղային հեղինակություն դառնալով կամ ֆիզիկական ուժով, այլ իրենց գիտելիքով»։
«ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ Ե՛Վ ՊԵՏԱԿԱՆ, Ե՛Վ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ»

Բարսեղ Բեգլարյանն անդրադարձավ նաև օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հակամարտության հետևանքներին։ Ըստ նրա, ռուս-վրացական հնգօրյա պատերազմն անմիջապես բացասական ազդեցություն ունեցավ Հայաստանի տնտեսական վիճակի վրա՝ ի ցույց դնելով տարբեր մակարդակներում առկա բացերը։ «Քանի որ ես ռազմավարական նշանակություն ունեցող դիզվառելիք ու բենզին եմ ներկրում, և Վրաստանն ինչ-որ իմաստով մեր պորտալարն է, կարող եմ ասել, որ այդ իրադարձություններն անմիջականորեն ազդեցին տնտեսության որոշ ոլորտների վրա։ Մենք տեսանք, որ շատ բաների պատրաստ չենք։ Մենք ունենք երկու հուսալի հարևան՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Վրաստանը։ Մեր ապրանքաշրջանառության 80 տոկոսը կատարվում է Վրաստանի միջոցով։ Պատերազմը տևեց ընդամենը 5 օր, և այդ ընթացքում պարզվեց, որ և՛ պետական, և՛ մասնավոր առանձին կառույցներ պատրաստ չեն մարտահրավերների։ Սա մեզ համար պետք է դաս լինի»։ Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի ներկա միտումներին՝ «Ֆլեշ» ընկերության նախագահը կարծիք հայտնեց, որ այդ գործընթացը կտևի մեկ տարուց ոչ ավելի։ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով, Հայաստանի վրա այդ ճգնաժամի ազդեցությունն առայժմ զգալի չէ նաև այն պատճառով, որ արժեթղթերի շուկան երկրում կայացած չէ։ Դա վատ է, բայց Բարսեղ Բեգլարյանի կարծիքով, այս պահին դա հօգուտ Հայաստանի աշխատեց։ Այնուհանդերձ, նա կարծում է, որ հայաստանյան այն մասնավոր ընկերությունները, որոնք մասամբ կամ ամբողջությամբ պատկանում են արտաքին, եվրոպական կամ ռուսական կապիտալին, ժամանակ անց կզգան ճգնաժամի հետևանքները։ ՈՒսանողների հետ հետագա հարցուպատասխանի ընթացքում Բարսեղ Բեգլարյանը պարզաբանեց, որ այդ հետևանքներն ավելի զգալի կլինեն գուցե շինարարության ոլորտում։ Որպես օրինակ նշվեց Վրաստանը, որտեղ շինարարությունը գրեթե կանգ է առել, քանի որ իրականացվում էր հիմնականում արտաքին միջոցների հաշվին։
«ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՓԼԱՎ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ. ԻՐԵՆՔ ԷԻՆ ՍԿՍԵԼ, ԻՐԵՆՔ ԷԼ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՅԻՆ»
Եվ, այնուհանդերձ, հիմնական թեման ուսանողների և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի շփման ընթացքում ղարաբաղյան հարցի շուրջ հնարավոր զարգացումներն էին։ Բարսեղ Բեգլարյանն ի սկզբանե նշեց, որ չի ցանկանում խուսափել այս հարցի քննարկումից։ «Բոլորդ գիտեք, որ երկրի նախագահը մի շարք կարևոր այցեր կատարեց տարբեր երկրներ։ Երկու օր առաջ Ռուսաստանի նախագահն այցելեց Հայաստան։ Դրանք պատահական այցելություններ չեն, շատ լուրջ սրված է Ղարաբաղի հարցը, որը մեզ համար ամենակարևոր խնդիրն է։ Միջազգային հանրությունը կարծես ուզում է արագացնել այդ հարցի լուծումը։ Հօգուտ հայ ժողովրդի՞, թե՞ ոչ, ես չունեմ այդ տեղեկատվությունը։ Բայց ունեմ սեփական կարծիք և համարում եմ, որ դա մեկ կամ մի քանի մարդու լուծելու խնդիր չէ։ Մեր հասարակությունը, հասարակական կազմակերպություններն ու ժողովուրդը պետք է ակտիվ լինեն, որովհետև, իրոք, վտանգավոր շեշտադրումներ կան։ Եթե մենք Ղարաբաղի հարցում վատ որոշում կայացնենք, դա կլինի հայ ժողովրդի կործանման սկիզբը։ Չեմ ուզում ամպագոռգոռ բառեր ասել, բայց արյունով վերցված հողը հենց այնպես չի վերադարձվում։ Ես այսօր շատ ավելի մտահոգ եմ այս հարցով, քան տնտեսական վայրիվերումներով, որ ժամանակավոր բնույթ ունեն։ Դրանք եղել են միշտ, էլի կլինեն»,- հայտարարեց «Ֆլեշ» ընկերության նախագահը։
Միաժամանակ Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ ինքը դեմ չէ փոխզիջումներով հարցի լուծմանը, եթե այդ զիջումների տրամաբանությունը հասկանալի է և ընդունելի հասարակության համար։ Նրա կարծիքով, հայկական կողմն էլ չպետք է չափազանց մեծ պահանջներ առաջադրի, բայց միաժամանակ անթույլատրելի է որևէ նահանջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման կամ առնվազն Հայաստանի հետ վերամիավորման դիրքորոշումից։ Զիջումների մասով բանախոսը հարկ համարեց ընդգծել հետևյալը. «ՈՒղիղ 14 տարի է զինադադար է, որից 10 տարի բանակցային գործընթացը ղեկավարում էր երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր թերթերից մեկում գրված էր, որ այն ժամանակ բանակցային սեղանին դրված են եղել հետևյալ պահանջները. չորս շրջանները հանձնվում էին, որից հետո որոշվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և դրանից հետո, այսպես ասած, Քելբաջարն էլ էին հանձնում։ Այսօր, ի տարբերություն դրա, խոսվում է, թե իբր տալիս ենք բոլորը, բայց տեղն ինչ ենք ստանալու, հասկանալի չէ։ Մենք այստեղ իրար խաբելու բան չունենք, գիտենք, որ կան գրավյալ տարածքներ։ Պատերազմում փլավ չեն բաժանում, իրենք էին սկսել, իրենք էլ պետք է պատասխան տային։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մինչև Բեռլին հասան և միայն 45 տարի հետո դուրս եկան այնտեղից։ Կարծում եմ, մենք մի ճանապարհ ունենք՝ մինչև փաստացի չստանանք ԼՂՀ անկախության ճանաչումը Ադրբեջանի կողմից կամ առնվազն նրա վերամիավորումը Հայաստանի հետ, որ ես համարժեք եմ համարում, մնացած պայմանավորվածությունները կմնան թղթի վրա։ Ինչպես միշտ, խաբվելու համար հայի խելքն իրենը չէ։ Ես այսօր հասարակ ժողովրդի ներկայացուցիչ եմ, պետական համակարգում դերակատարություն չունեմ և այդպես եմ մտածում։ Գուցե վաղն այդ համակարգում լինեմ, այդպես չմտածեմ, որովհետև կա տեղեկատվություն, որին չեմ տիրապետում։ Բայց Ղարաբաղի անկախացումը և Հայաստանի հետ պարտադիր կապը պետք է լինի։ Անկլավային իրավիճակ չպետք է լինի»։
Բարսեղ Բեգլարյանը համաձայնեց ուսանողների այն դիտարկմանը, որ Արցախի անվտանգության գոտին կազմող տարածքներում վերաբնակեցման քաղաքականությունը թերի է իրականացվում։ Ըստ նրա. «Վերաբնակեցման հարցին մենք վատ ենք վերաբերվում, քիչ է պետական հովանավորությունը։ Բայց մենք գիտենք, որ մեր պետությունն այսօր աղքատ պետություն է։ ՈՒրեմն՝ մի քիչ էլ էնտուզիազմ պետք է լինի։ Բայց որ պետական ծրագիրն էլ կաղում է, փաստ է։ Ամեն դեպքում, այս հարցի լուծմանը ժողովուրդը պետք է մասնակցի, ոչ թե մեկ-երկու հոգի գնան, ստորագրեն։ Ես այն կարծիքին եմ, որ այսօր այդ տարածքների վերադարձն իրատեսական չէ, բայց մենք էլ, բնականաբար, ճիշտ քաղաքականություն պիտի վարենք վերաբնակեցման առումով»։
«ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ»
Իր տնտեսական գործունեությանն անդրադառնալով «Ֆլեշ» ընկերության նախագահը նշեց, որ եվրոպական և ռուսական բիզնես կառուցվածքների հետ ինքը սերտ հարաբերություններ չունի, այդ իսկ պատճառով ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրներ չկան։ Ի դեպ, Բարսեղ Բեգլարյանին են պատկանում նաև «Արարատ» բանկի բաժնետոմսերն ամբողջությամբ, սակայն նա միաժամանակ տեղեկացրեց, որ եվրոպական զարգացման բանկը մի քանի ամիս տևած բանակցություններից հետո պատրաստակամություն է հայտնել գնել բանկի բաժնետոմսերի 25 տոկոսը և բավական մեծ կապիտալով մտնել հայկական բանկային շուկա։ Անդրադարձ եղավ նաև Լեռնային Ղարաբաղում իրականացվող ներդրումներին։ Փաստ է, որ «Ֆլեշ», «Վալլեքս Գրուպ» և մեկ-երկու այլ հայաստանյան ընկերություններից բացի երկարաժամկետ արդյունաբերական ներդրումներ Արցախում չեն արվել։ Սփյուռքահայ կապիտալն էլ հիմնականում կենտրոնանում է տուրիզմի ոլորտում, հյուրանոցային բիզնեսի ուղղությամբ։ Բարսեղ Բեգլարյանն այնքան էլ համամիտ չէր այս հարցադրմանը, ինչպես նաև նրան, որ պետությունը կարող է ստիպել տնտեսավարողներին՝ ներդրումներ կատարել Ղարաբաղում՝ անկախ նրանց հատուկ ցանկությունից։ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ «Մենք մեզ համար դեմոկրատական խաղի կանոններ ենք սահմանել և այդ պայմաններում պետությունը չի կարող բիզնեսմեններին հարկադրել։ Այստեղ ավելի շատ բարոյական նորմերի հարց է։ Ես համաձայն չեմ, որ միայն այդ ոլորտներում են ներդրումներ արվում։ Միաժամանակ ամենավտանգավորը խուճապային տրամադրություններն են։ Ինձ էլ են ասել, թե հազարավոր մարդիկ գնացել են այնտեղից, այդքան գումար ես ներդնում, որ ի՞նչ։ Ես էլ, ի պատասխան, հարցնում եմ՝ ձե՞զ ինչ։ Ես դրանից հաճույք եմ ստանում, համարում եմ հոգու պարտք ու դրանից շատ լավ եմ զգում։ Թե այդ ներդրումը երբ եկամուտ կբերի, կարևոր չէ։ «Վալլեքս Գրուպի» կառուցած կոմբինատը Ղարաբաղում ես տեսել եմ, փառք ու պատիվ այդ ընկերությանը, որ այդպիսի դրական գործունեություն է ծավալում։ Ժամանակի ընթացքում միգուցե ամեն ինչ կարգավորվի, բայց պարտադրանք լինել չի կարող։ Հիմա Հայաստանն աշխարհի հայությանը հրավիրում է ներդրումներ անելու, շատ մեծ կապիտալի տեր հայեր կան, ո՞ր մեկն է պարտադրված։ Միայն բարոյական ճնշում կարող է լինել։ Այլ միջոց չունենք։ Հոգու կանչ, հայրենիքի կանչ, ներգործելու այլ ճանապարհ չկա»։
«ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳՈՐԾՈՆ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՄԵՆՔ ՄՇՏԱՊԵՍ ՊՐՈԲԼԵՄ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Միջոցառման ավարտից հետո Բարսեղ Բեգլարյանը պատասխանեց «Իրավունքը de facto»-ի մի քանի հարցերին.
-Պարոն Բեգլարյան, Ձեր հովանավորած հիմնադրամը գործում է մեկ տարի, համոզվա՞ծ եք, որ կկարողանաք շարունակել գործունեությունը նաև հետագայում։
-Անկասկած։ Այնքան ժամանակ, քանի կարողանում եմ աշխատել, հիմնադրամը կգործի։ Գործարարը, որը կարողանում է որոշակի միջոցներ ստեղծել, միշտ էլ մի մասը պետք է ուղղի բարեգործական ծրագրերին։ Ես միշտ միջոցներ եմ հատկացնելու գիտությանն ու կրթությանը։ Առանց այդպիսի նախաձեռնությունների կյանքն իմաստազրկվում է։
-Ձեր ներդրումային ծրագրերը, մասնավորապես Ղարաբաղում, ինչպիսի՞ շարունակություն են ունենալու։
-Ես Լեռնային Ղարաբաղում մեծ ներդրումներ եմ արել և, իհարկե, շարունակելու եմ։ Եթե խոսքը վերաբերում է առհասարակ ներդրումային հետագա ծրագրերին, ապա այսօր դրա մասին խոսելու ժամանակը չէ։
-Ըստ Ձեզ, Հայաստանի տնտեսական կացությունը կբարելավվի՞, եթե Թուրքիան ինտեգրացվի Եվրամիությանը, և բացվի հայ-թուրքական սահմանը։
-Կարծում եմ, Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացը շատ երկարատև է լինելու։ Հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը մեծ է։ Բայց այստեղ պետք է խոր ուսումնասիրել մեր երկուստեք հնարավորությունները։ Կան տարբեր կարծիքներ, որ սահմանի բացումից ավելի շատ շահելու է Հայաստանը, բայց ես այդ տեսակետին չեմ։ Գուցե ավելի շատ շահելու է Թուրքիան։ Անձամբ ես սահմանի բացմանը կողմ եմ, որովհետև միայն երկու ճանապարհ ունենք՝ երկու հարևան երկրների հետ, որոնց հետ հարաբերությունները բարիդրացիական են։
-Այսօր բավական ընդարձակ անդրադարձաք Ղարաբաղի հարցին։ Ըստ Ձեզ, բանակցային գործընթացում Ղարաբաղի մասնակցությունը պե՞տք է վերականգնվի։
-Ղարաբաղը միշտ պետք է կողմ հանդիսանար այդ բանակցություններին։ Մեր նախորդ ղեկավարության ամենամեծ բացթողումներից մեկն այն էր, որ Ղարաբաղի իշխանությունները դուրս մղվեցին բանակցային գործընթացից։ Եթե հարցադրումն այդ ենթատեքստն ունի, ապա Ղարաբաղը պետք է լինի գործոն, հակառակ դեպքում մենք մշտապես պրոբլեմ ենք ունենալու։ Առանց Ղարաբաղի մասնակցության մենք իրավունք չունենք Ղարաբաղի հարցը լուծել։
-Նախկինում մշտապես խուսափել եք քաղաքականությանը միջամտելուց։ Հնարավո՞ր է, գա ժամանակ, որ հակառակ մտադրությունն ունենաք։
-Շատ բարդ հարց է, որին ես այսօր պատրաստ չեմ պատասխանելու։ Հայտնի խոսք կա՝ երբեք մի ասա՝ երբեք։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4227

Մեկնաբանություններ